Մաքուր Սևան

Մաքուր Սևան

Ընդհանուր նպատակը՝ նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը էկոհամակարգի վրա արտանետումների թողած ազդեցության և շրջակա միջավայրի մասին մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու միջոցով:

Հատուկ նպատակը՝ մաքրել Սևանի հանրային լողափերը՝ ստեղծելով աշխատատեղեր Գեղարքունիքի մարզի բնակիչների համար:

Տևողությունը՝ 2 ամիս

Ծրագրի նկարագրությունը՝ Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում (ծովի մակերևույթից 1898 մետր բարձրության վրա): Այն առանձնանում է իր յուրահատուկ էկոհամակարգով: Սևանի ավազանի ընդհանուր մակերեսը 5 հազար կմէ, լճի մակերեսը՝ 1200 կմ2, ծավալը՝ 35.8 միլիարդ մ: Այն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև ողջ Հայաստանի համար: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճը էական ազդեցություն ունի ոչ միայն մարզի բնապահպանական հավասարակշռության, այլև տնտեսության վրա:

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված 8 հանրային լողափերի ընդհանուր տարածքը կազմում է 28.16 հեկտար: Համար 1, 2 և 3 լողափերը ամբողջովին կահավորված են, 8-րդ լողափի կահավորումը ընթացքի մեջ է: 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ լողափերը սահմանազատված են, սակայն կահավորված չեն:

Ամառային ամիսներին լողափերը մարդաշատ են լինում: Այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ: Մեր հետազոտությունները թույլ տվեցին փաստել, որ հանրային լողափերն այցելուներ են ունենում ողջ տարվա ընթացքում և մասնավորապես ամառվա ամիսներին, ինչի արդյունքում հանրային լողափերի վիճակը գնալով վատթարանում է:

Հանրային լողափերի տարածքում նկատելի է աղբամանների, շրջակա միջավայրի պահպանմանն ու աղբահավաքմանն ուղղված տեղեկատվական վահանակների և հատկապես մաքրող անձնակազմի բացակայությունը:

Ծրագրի արդյունքում կտեղադրվեն տեղեկատվական վահանակներ և աղբարկղեր, որոնց վերահսկողությամբ կզբաղվի Սևան ազգային պարկը:

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը պարտավորվում է թարմացնել վնասված ինքնակպչուն պաստառները և բաժանել տեղեկատվական թռուցիկներ հետագա 3 տարվա ընթացքում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Վեոլիա հիմնադրամի կողմից` https://www.fondation.veolia.com/fr/un-lac-armenien-aux-rives-assainies

Facebook
Instagram
LinkedIn
YouTube
Twitter